Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջերմուկ

Բնակչություն` 5394

Առողջարանային, զբոսաշրջային գոտիներով ու քաղաքներով հարուստ Հայաստանում իր ուրույն տեղն է գրավում Վայոց ձորի մարգարիտը` Ջերմուկ քաղաքը: Այն ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձորի մարզում /պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում/: Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի <<Պատմություն նահանգին Սիսական>> աշխատության մեջ: Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց :
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ ՍյունÛաց իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից և այժմ էլ ժողովրդը լողավազանի մասին խոսելիս օգտագործում է նաեւ <<Պրիստավի գյոլ>> անվանումը: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով: Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորություններ, ինչպես բնակչության, այնպես էլ հովեկների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: 1967 թվականին քաղաքը ձեռք է բերել հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին` համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ: 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10000 բնակիչ, շուրջ 2000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց ` ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով: Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ նշված տասնամյակի վերջերից: Այժմ քաղաքի առողջարանային և զբոսաշրջային համալիրը հարստացվել է ու գործում է շուրջտարյա: Քաղաքի բնակչության թիվը ներկայումս կազմում է մոտավորապես 7500 մարդ, վարչական տարածքը` շուրջ 5,5 հազար հեկտար: Երևանի հետ տրանսպորտային կապը իրականացվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից ՙՋերմուկ-Երասխ-Երևան՚ մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170կմ: Քաղաքը Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց գտնվում է 24 կմ հեռավորության վրա : Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով /Արփա- Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն/ հարուստ հանգստավայր:
Քաղաքի մշակութային կյանքը
Ջերմուկն իր ակտիվ մասնակցությունն ունի շախմատային բազմաթիվ առաջնությունների ու հուշամրցաշարերի անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են բարի ավանդույթ: 2006 թվականից սկսած Ջերմուկում են անցկացվում շախմատի միջազգային պատանեկան մրցաշարերը: 2007 թվականից սկսած Ջերմուկում անցկացվում են մի շարք միջազգային մրցաշարեր և առաջնություններ, որոնց թվում նաև` Կարեն Ասրյանի անվան միջազգային հուշամրցաշարը:

Ջերմուկում կա երկու հիմնական և մեկ ավագ դպրոց, երկու արվեստի մանկական դպրոց, սպորտդպրոց, շախմատի դպրոց, մանկապարտեզ և կենտրոնական գրադարան:

Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1973թ-ին: Ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների /Մարտիրոս Սարյան, Արա Սարգսյան, Սարգիս Մուրադյան, Արա Հարությունյան, Կալենց ամուսիններ, Հակոբ Հակոբյան, Ռուդոլֆ Խաչատրյան և այլոք/ գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները: Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ: Հասցեն` ք, Ջերմուկ, Չարենցի 1 /<<Թուրիս>> առողջարանի հարևանությամբ/ Հեռ./287/ 22132

1997 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրի համաձայն Ջերմուկը և ֆրանսիական Սան-Ռաֆաել քաղաքները քույր քաղաքներ են: Կատարվում են բարեկամական փոխայցելություններ:

Ջերմուկի ճոպանուղին
Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը: Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին:
Ջերմուկի ճոպանուղին կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ: Տեղերի թիվը `200: Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանատեղի:

 

 

 


Քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները:
Այժմ Ջերմուկում գործում են հետևյալ առողջարաններն ու հյուրանոցները .
<<Արմենիա>> առողջարան
<<Օլիմպիա>> առողջարան
<<Ջերմուկ աշխարհ>> առողջարան
<<Թուրիս>> առողջարան
<<Գլաձոր>> առողջարան
<<Արարատ>> առողջարան
<<Նաիրի>> հյուրանոց
<<Վերոնա>> հյուրանոց
<<Անուշ>> հյուրանոց
<<Լայֆ>> հյուրանոց
<<ԵՎմարի>> հյուրանոց
<<Կասկադ>> հյուրանոց
<<ԱՆԻ>> հյուրանոց
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-09-17 17:56:05