Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վայք

Բնակչություն` 6024

Վայք քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։
Այն մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 20կմ, իսկ Երևան քաղաքից 140կմ հեռավորության վրա և հանդիսանում է Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի հանգույց։
Քաղաքի ներկա տարածքը տեղադրված է Արփա գետի միջին հոսանքում, գետի ողողահունի համեմատաբար լայնացած մասում։ Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիս-արևմտյան մասում Եղեգիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ կտրտված տեղամասեր։ Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր։
Վայքի տարածքով հոսում է Արփա գետը, որը սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միացման կետից` 3200մ բարձրությունից, հոսում է հիմնականում նեղ կիրճով, երբեմն ողողահունը լայնանում է, օրինակ` Վայքի տարածքում։ Խոշոր աջափնյա վտակներից է Հերհերը, ձախափնյա վտակներից` Արտավանը, Մարտիրոսը, Վայքը։ Գարնանային վարարումները միջին հոսանքում սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետին հասնում են ապրիլին կամ մայիսին, գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի կեսերին։ Վարարումները տևում են 90-120 օր։ Գետը սնվում է անձրևաջրերով և ձնհալի ջրերով։ Գետի վտակները հեղեղաբեր են։ Ձմռանը գետը ափային մասում սառցակալում է։
Վայոց ձորի մասին առաջին տեղեկությունները հիշատակվում են պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունե գրքի էջերում` Վարդանանքի հերոսապատման կապակցությամբ հիշատակելով Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի մասին` որպես ազատագրական շարժման ղեկավարներից մեկին, որը հանդիսանալով Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից` Վայոց ձորում է բացել տարածքի առաջին դպրոցը։
Ըստ VII դարի «Աշխարհացույցիե` Վայոց ձորը սահմանակից է եղել արևելքից` Արցախի Վայկունք և Սյունյաց Ծղունք, արևմուտքից` Այրարատի Արած, Ործաձոր, հյուսիսից` Սյունյաց Գեղարքունիքի և Սոդի, հարավից` Այրարատի Շարուր գավառներին։
Վենետիկյան միաբանության կարկառուն դեմք, մեծ ազգագրագետ Հայր Ղևոնդ Ալիշանը Վայոց ձորի անվան ծագումնաբանությունը կապում է ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր` «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր։ Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տուն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման։ Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր։ Մարդկանց ձայնը լսվում էր անդունդներում և սգում «Վայոց ձորե, որտեղ կորան 10000 մարդ, այդ պատճառով էլ կոչվեց Վայոց ձորե։
(Ալիշան Մ.Հ.Հ. Ղևոնդեան «Սիսականե տեղագրություն)
Վայոց ձորն իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել։ Հայտնի է, որ Այրարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակ, Քրիստոսից առաջ ( Ք.ա.) 11-րդ դարում, եղել է Երվանդունիների, իսկ Ք.ա 2-րդ դարի վերջին մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թթ. Անիի թագավորության, իսկ 12-13-րդ դդ. Զաքարյանների իշխանության ներքո։
Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը։ Նախախորհրդային շրջանում` 1850 թ. սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղ խորհրդային կարգերը հաստատվել են 1921թ-ին։ 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։ 1930-ին Դարալագյազի գավառը վերացվում է և հետագայում դրա տարածքից կազմվում են Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ։ 1956 թ. հոկտեմբերի 18-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Սոյլանը վերանվանվել է Ազիզբեկովի անունով։
Քաղաքը ձգվում է մոտ 1.5կմ երկարությամբ։ Կլիման չորային է, հր և հս պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ։
Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թ.), հս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։
Նախկին Վայքի շրջանը սահմանակից է արևելքից Սիսիանին, արևմուտքից` Եղեգնաձորին, հյուսիսից և հյուսիս-արևելքից` պատմական Ղարաբաղի տարածքին, հարավից` Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքին։
Նոր կազմավորված վարչական շրջանը, իր կենտրոնն ունենալով Ազիզբեկով (Փշոնք-Փաշալու) գյուղը, շրջկենտրոնի անունով էլ կոչվում է Ազիզբեկովի շրջան։ Հետագայում Վայոց Ձորի գեղատեսիլ արոտավայր Սոյլան գյուղատեղը ընտրվում է որպես Ազիզբեկովի վարչական կենտրոն և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թ. հոկտեմբերի 12 հրամանագրով դառնում է քաղաքատիպ ավան Ազիզբեկով, իսկ նախկին Փշոնք, Փաշալու-Ազիզբեկով գյուղը Գերագույն Խորհրդի 1957 թ. հուլիսի 8 հրամանագրով դառնում է Զառիթափ։
Իր հերթին Ազիզբեկով քաղաքատիպ ավանը Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1990 թ. հրամանագրով ստանում է իր պատմական տարածաշրջանի նվիրական անունը և կոչվում Վայք, իսկ շրջանը Վայքի շրջան։
Ըստ 2001 թ. մարդահամարի տվյալների` Վայք քաղաքում ապրում է` առկա բնակչություն` 5458 մարդ, մշտական բնակչություն` 6024 մարդ։
Հուշարձանները բազմաթիվ են` մեծամասամբ բարձրարժեք։ Տարածքի կլիման չոր ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև։ Գարունը տաք է, համեմատաբար երկարատև։ Ամառը երկարտև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը։
Վայք քաղաքի հիվանդանոցը կառուցվել է 1984 թ-ին։ Նրան կից գործում է ծննդատուն։ Վերջին տարիներին շահագործման է հանձնվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը։
Հիվանդանոցին կից գործում է նաև պոլիկլինիկա և շտապ բուժօգնության կայան` 3 շտապ օգնության մեքեներով։
Ջրամատակարարման միակ աղբյուր են հանդիսանում 16-20կմ հեռավորության վրա Հերհեր գյուղի մոտ գտնվող «Բազմաղբյուրե կոչվող աղբյուրները։
Բնակավայրի գազաֆիկացված է։
Վայքի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է։ Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևելք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում եղած հողային ծածկույթը փոքր հզորության է և ներկայացված է բաց շականակագույն հողերով, հիմնականում խիստ էռոզացված։
Վայք քաղաքի և նրա գյուղատնտեսական հողերի ոռոգման համար հիմնականում օգտագործվում է Արփա գետի ջուրը։
Վայքի մարզամշակութային օբյեկտներն են` 600 և 200 տեղանոց դահլիճներով մշակույթի պալատը, գեղարվեստի և երաժշտական դպրոցները, գրադարանը` 180 հազ. կտոր գրքով, 2000 տեղով մարզադաշտը։ Քաղաքում գործում են հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորան, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտներ։
Ունի մեկ ավագ դպրոց, մեկ հիմնական դպրոց, մեկ վարժարան, դեղատուն, 2 մանկապարտեզ, կապի հանգույց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-10-24 11:54:09